National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
22.03.2016
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Տավուշի մարզ
1 / 11

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ մարտի 19-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներ: Խորհրդարանական պատվիրակությանն ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչները:

Այցի նպատակն էր գնահատել սահմանամերձ համայքների բնակչության ընդհանուր պաշտպանվածության աստիճանը քաղաքացիական եւ տարածքային պաշտպանության շրջանակներում, ինչպես նաեւ ծանոթանալ սահմանային դիրքերում զինված ուժերի մարտական պատրաստականությանը:

Հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտու մարտական հենակետերում հանձնաժողովի անդամներն ու փորձագետները դիտարկել են մարտական հերթապահության կազմակերպումը, ամրաշինական եւ ինժեներական կառույցների հուսալիությունը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները: Զորամիավորման եւ զորամասերի հրամանատարական կազմի հետ քննարկվել են առաջնագծում առկա իրավիճակին, զինծառայողների ծառայության պայմաններին եւ պատշպանական գոտու ամրապնդմանն առնչվողմի շարք հարցեր:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը զրուցել են նաեւ մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ, ծանոթացել նրանց խնդիրներին, պատասխանել զինծառայողների հարցերին: Հանձնաժողովի անդամները նվերներ եւ անհատական հուշանվերներ են հանձնել զինծառայողներին՝ մաղթելով նրանց բարի ծառայություն:

Բարեկամավան համայնքում խորհրդարանականները բնակիչների հետ քննարկել են նրանց հուզող բազմաթիվ հարցեր եւ պատրաստակամություն հայտնել խորհրդարանում համայնքի ղեկավարի հետ առանձին հանդիպման ընթացքում մանրամասն ծանոթանալ այդ խնդիրներին: Համայնքում կատարած շրջայցի ընթացքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության եւ ծառայության կազմակերպման վարչության պետերը ներկայացրել են քաղաքացիական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումները եւ զարգացման ծրագրերը: Կորյուն Նահապետյանը կարեւորել է քաղաքացիական պաշտպանության նախապատրաստման հարցում քաղաքացիների պատշաճ իրազեկումն ու տեղում վարժանքների արդյունավետ անցկացումը:

Կոթի համայնք կատարած այցի ընթացքում պատգամավորները ծանոթացել են պարզագույն թաքստոցների պայմաններին ու կահավորմանը: Կոթի համայնքի ղեկավարը ներկայացրել է համայնքի քաղաքացիական պաշտպանության իրավիճակը, միջոցառումների եւ տարհանման պլանները: Անդրադարձ է կատարվել տվյալ ոլորտում օրենսդրական լուծում պահանջող մի շարք հարցերի: Քննարկվել է սահմանամերձ համայնքներում լոկալ ազդարարման համակարգի կատարելագործման հարցը:

Հանձնաժողովի պատվիրակությունն այցելել է նաեւ Ազատամուտի փրկարար ծառայության հենակետ, ծանոթացել հենակետի գործունեությանը:

Բերքաբեր համայնքում Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել «Բնակչության քաղաքացիական պաշտպանությունը եւ տարածքային պաշտպանությունը» թեմայով քննարկում:

Ողջունելով սահմանամերձ համայնքների ղեկավարներին՝ Կորյուն Նահապետյանը կարեւորել է խնդիրներին տեղում ծանոթանալու եւ հանձնաժողովի իրավասության շրջանակում դրանց ընթացք տալու հանձնառությունը: Նա ներկայացրել է քաղաքացիական պաշտպանության նոր համակարգի ձեւավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները, ինչի արդյունքում բարձրանալու է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կառավարման արդյունավետությունը: Պատգամավորները լսել են համայնքների ղեկավարների մեկնաբանություններն ու առաջարկությունները տարածքային պաշտպանության համակարգի կատարելագործման վերաբերյալ:

Կարեւորվել է ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի մասնաճյուղերի բացումը սահմանամերձ համայնքներում:

Թեւան Պողոսյանն ընդգծել է համայնքների ղեկավարների հետ մշտական կապի անհրաժեշտությունը եւ անդրադարձել համայնքային խնդիրների հանրայնացմանն ուղղված միջոցներին:

Քննարկմանը մասնակցել է նաեւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ ներկայացուցիչը:

Հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարները բարձրացրել են պաշտպանական, սոցիալ-տնտեսական, առողջապահական, ենթակառուցվածքների զարգացման հետ կապված հարցեր:

Ամփոփելով հանդիպումը՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը քաղաքացիական եւ տարածքային պաշտպանական խնդիրների լուծման գործում հատուկ կարեւորել է խորհրդարանի, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ զինված ուժերի միջեւ փոխգործակցության մակարդակի բարձրացումը: Նրա գնահատմամբ՝ մարզի սոցիալ-տնտեսական խնդիրներն առնչվում են նաեւ երկրի անվտանգությանն ու պաշտպանունակությանը, ուստի իր ղեկավարած հանձնաժողովը հենց այդ համատեքստում կքննարկի ներկայացված խնդիրները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am